Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տրվել է մրցաշրջան-2022-ի մեկնարկը. անցկացվել է Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը, որին շուրջ 15 հեծյալ է մասնակցել հայկական տարբեր ակումբներից:

Սիրողական խմբի մրցաշարում 4 հեծյալների պայքարում հաղթող է ճանաչվել Յանա Դանիելյանը: Պրոֆեսիոնալների խմբի D դասում բոլորից հաջող է հանդես եկել Լալա Տեր-Մինասյանը, իսկ C դասում հավասարը չի ունեցել Ալբերտ Սուքիասյանը: Առաջնությանը ներկա են գտնվել և հաղթողներին պարգևատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը: Հայրապետ Հայրապետյանի խոսքով՝ մրցաշրջանի սկզբում առաջնությունների մակարդակը փոքր-ինչ զիջում է. «Մրցաշրջանն ամեն տարի մեկնարկում ենք մարտի 18-ին՝ Հովիկ Հայրապետյանին նվիրված հուշամրցաշարը նրա ծննդյան օրն անցկացնելով: Մրցաշրջանը նոր է մեկնարկում. սկզբում մակարդակը միշտ զիջում է, բայց աստիճանաբար առաջնություններն ուժեղանում են»: Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ՝ ունենք ակումբներ, լավ հեծյալներ, բայց լավ կլիներ՝ նրանց թիվը տասնապատկվեր. «Թեև հասկանում ենք՝ թանկ ու բավականին վտանգավոր սպորտաձև է, այդուհանդերձ ուրախալի է այն հանգամանքը, որ ունենք նաև կին նժույգավարներ, ովքեր բավականին լավ արդյունքներ են գրանցում»: Հայրապետ Հայրապետյանն ասում է՝ բավականին հագեցած տարի է սպասվում, նախատեսվում է մոտ 8-10 մրցաշար անցկացնել թե՛ ակումբների և թե՛ ֆեդերացիայի կողմից: Ձիասպորտի Հայաստանի հավաքական թիմն էլ ապրիլի 22-ից 24-ը կմասնակցի Տաշքենդում կայանալիք՝ արգելքների հաղթահարման աշխարհի գավաթի խաղարկությանը: Ի դեպ, վերջերս Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Քերի Աղաջանյան-Շոպֆը հաղթող է ճանաչվել Վելինգտոնի 3-աստղանի մրցաշարում՝ կարիերայի ընթացքում վաստակելով ամենաբարձր՝ 70.97 միավորը: Նժույգավարուհին նաև առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենաբարձր կարգի՝ 5-աստղանի հատուկ մեծ մրցանակի խաղարկությանը՝ վաստակելով 69.08 միավոր:

339