Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից:

Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում: Այս տարի այն 12.488 դոլար է կազմել, որն էլ վճարվել է ԿԳՄՍ նախարարության կողմից: «Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ WADA-ում ներդրում կատարելու համար: Սպորտում դոպինգի դեմ պայքարում Ձեր ներդրումը նշանակալի դեր ունի, և մենք երախտապարտ ենք Ձեզ գործակալությանը շարունակական նվիրվածության համար»,- ասվում է ԿԳՄՍ նախարարին ուղղված շնորհակալական նամակում:

WADA-ից ընդգծում են՝ իրենք կանոնավոր կապի մեջ են Հայաստանի «Հակադոպինգային գործակալության», մասնավորապես՝ փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանի հետ, և 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (EERADO) լուծարումից հետո հեշտացրել են Հայաստանի և Հունգարիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը։ Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը բավականին բարձր հեղինակություն ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում և մշտապես լավ ցուցանիշներ է ապահովում WADA-ի ամենամյա մոնիթորինգներում. «Պայմանավորված այն իրողությամբ, թե երկիրը քանի ներկայացուցիչ է ունենում օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, WADA-ն պահանջ է ներկայացնում՝ տարեկան քանի մարզիկ պետք է թեստավորվի: Եթե դա չի կատարվում, երկիրը կարող է որակազրկվել, ինչպես եղավ Ռուսաստանի պարագայում: Նախորդ տարվա արդյունքներով 11 երկիր չանցավ մոնիթորինգն ու որակազրկվեց: Մենք նման խնդիրներ չենք ունենում, ու կարծում եմ՝ այս տարի էլ չենք ունենա: Առաջիկա մոնիթորինգը նախատեսված է մայիսի վերջին»: Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանն ընդգծում է՝ մենք սովորաբար խնդիրներ ենք ունենում երիտասարդ մարզիկների դեպքում ու պետք է ավելացնենք նրանց դոպինգ-թեստերի թիվը:

848