Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձել է աշխարհի ռեկորդակիր:

Մարտի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։

Միրզոյանը պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ՍՀԻԱ բաժնի նեկայացուցիչներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Հիմնարկի պետ Կարեն Խաչատրյանը շնորհավորել է ռեկորդակրին՝ մաղթելով նրան նոր հաղթանակներ, հավելելով նաև, որ հիմնարկի վարչակազմը պատրաստ է աջակցելու և օժանդակելու յուրաքանչյուր դատապարտյալի, որը ցանկություն կհայտնի մասնակցելու նման մարզական միջոցառումների։

Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը նախկինում ևս գրանցել էր ռեկորդներ կշռաքարերի բարձրացումով։

1227