Գորշ արջերի՝ համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում՝ հավելելով, որ երեկ նախարարությունը բնապահպանական կազմակերպություններից ահազանգ է ստացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում արջի հարձակումների և քաղաքացիներին ու նրանց տնտեսություններին պատճառած վնասների վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ հիմնախնդիրը լուրջ է, քանի որ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաև բնապահպանական կարևոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգի վերաբերյալ այսօր խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։

751