ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: 

Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և նշեց հիմնավորումները: Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքն այս նախագիծը բերում է երկրորդ անգամ:

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ կառավարության հինգամյա ծրագրում նախատեսված է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:

«Նվազագույն աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի նվազման, ինչը կարող է բերել գնաճի ճնշումների և հակաբյուջետային շատ ռիսկերի»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ նվազագույն աշխատավարձը 17 տոկոսով բարձրացնելու նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի տարեկան ծախսը կավելանա շուրջ 99, 1 միլիարդ դրամի չափով:

 

Նա ներկայացրեց նախագծի հիմնական բացերը, որոնցից են մակրոտնտեսական ցուցանիշների բացակայությունը, տնտեսական հիմնավորութան տեսանկյունից վերլուծությունների բացակայությունը, և սա կարող է հանգեցնել նաև ոչ ֆորմալ զբաղվածության աճին, գնաճին:

«Գործատուների տեսակետը հաշվի չի առնվել, և այս փաթեթը առաջին հերթին գնալու է մասնավոր սեկտոր.  որքանո՞վ են իրենք պատրաստ և ի՞նչ ռիսկեր ունեն»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն իր եզրափակիչ խոսքում նշեցոր եթե նույնիսկ նշված հիմնավորումները բերվեին, նախագիծը չէր անցնելու: «Եթե նույնիսկ Գործատուների միության կարծիքը բերեմ, մի տեղեկանք էլ բերեմ, որ առանձին-առանձին յուրաքանչյուրիդ որքան շատ եմ սիրում, եթե առաջարկեմ համատեղ անենք, մինևնույն է, չի լինելու»,- ասաց նա:

Նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

589