Հայաստանում էլեկտրոնային գնումների համակարգն արդիականացման կարիք ունի: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթաց:
«Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ նպատակն է ունենալ արդի պահանջներին բավարարող նոր էլեկտրոնային գնումների համակարգ՝ ներառելով բոլոր պատվիրատուներին:
«Այսօր ոչ բոլոր պատվիրատուներն են, որ էլեկտրոնային գնումների համակարգում են: Օրինակ, չեն ընդգրկվում պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքների ստեղծած առևտրային կազմակերպությունները: Այս կատեգորիաներն էլեկտրոնային գնումների համակարգի ներքո ներառված չեն: Արդիականացման արդյունքում կունենանք լիարժեք էլեկտրոնային համակարգ, չի լինի թղթային որևէ շրջանառություն, ավելի կբարձրանա համակարգի թափանցիկության մակարդակը»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նախատեսվում է ստեղծել մի նոր համակարգ, որը կընդգրկի գնումների բոլոր բիզնես պրոցեսները, նոր գործիքակազմի շնորհիվ կլինեն առավել ճշգրիտ տվյալներ: Դա էլ իր հերթին կօժանդակի թափանցիկության բարձրացմանը, վերլուծության բավարար մակարդակի ապահովմանը:
«Այսօր էլ ունենք անհրաժեշտ գործիքակազմ, սակայն դրանք տարբեր ժամանակներում մշակված մոդուլներ են: Ի վերջո, էլեկտրոնային գնումներ ասվածը միայն մրցույթի մոդուլը չէ: Այն ենթադրում է պլանավորում, աճուրդ, պայմանագրերի հաշվառում, պայմանագրերի կառավարում, վճարումների կատարում, հաշվետվողական ենթամոդուլների ամբողջություն: Ըստ էության, մենք դա ունենք, սակայն յուրաքանչյուր մոդուլը տարբեր ժամանակներում է մշակված: Եվ դրանք ինտեգրել միմյանց հետ, որ ունենանք ավելի լավ աշխատող համակարգ, այսօրվա ունեցած պայմանները հնարավորություն չեն տալիս»,-ասաց Սերգեյ Շահնազարյանը:
Գնումների քաղաքականության վարչության պետի կարծիքով՝ էլեկտրոնային գնումների համակարգն, ըստ էության, բարոյապես մաշված է: Էլեկտրոնային մրցույթների համակարգը սկսել է շահագործվել 2012 թվականից, արդեն շուրջ 10 տարի գործում է, և կա անհրաժեշտություն այն թարմացնելու:
«Այսօր ունենք վիճակագրական տվյալների ճշտության մասով խնդիրներ: Կան դեպքեր, երբ մրցույթներն ավարտելուց հետո պատվիրատուները հաշվետվողական համակարգում ձեռքով են լրացնում: Դա խնդրահարույց է այն տեսանկյունից, որ հնարավոր է տեղեկատվությունը ճիշտ չլրացվի: Նոր համակարգի պարագայում այդ ամբողջ ինֆորամացիան կգեներացվի ավտոմատ եղանակով»,-ասաց նա:
Այժմ նախարարությունը սկսել է էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացման գործընթացին վերաբերվող առաջարկների հավաքագրում: Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ առաջարկվել է ոչ առևտրային հատվածի գործընկերներին, քաղաքացական հասարակությունը ներկայացնող միավորներին ներկայացնել սեփական առաջարկները, որոնք կարող են ներառվել համակարգի տեխնիկական առաջադրանքում: Կարող են լինել վիճակագրական տվյալներին, թափանցիկությանը և այլ հարցերին վերաբերող առաջարկներ: Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց՝ այս նոր գործընթացի հիմքում դրել են այն տրամաբանությունը, որ բոլոր շահագրգիռ կողմերը բավարարված լինեն նոր համակարգից:
Առաջարկների հավաքագրման փուլին հաջորդելու է բիզնես պրոցեսների օպտիմալացումը, համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը: Էլեկտրոնային գնումների նոր համակարգը վերջնական պատրաստ կլինի հաջորդ տարի: