Բանակցության գործընթացում, ըստ էության, գաղտնիք չի էլ մնացել, մի փոքր անճշտություն կա փաստաթղթերով: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի զարմանալի փաստ կա, որ այդ առումով հարուստ նյութ չկա, որովհետև այնպես չէ, որ ամեն ինչ արձանագրվել է: Այդ 30 տարվա բանակցային գործըթնացը մի թղթապանակի մեջ տեղավորվում է, իհարկե կան շատ կարևոր խոսակցություններ, արձանագրություններ»,- ասաց նա և նշեց, որ խնդիրն այն է, որ իրենք չենք կարող դա անել որպես իշխանություն, որովհետև օտար երկրների պաշտոնյաների հետ խոսակցությունները հրապարակելն այդքան էլ ճիշտ չէ:
«Բայց մեր ընդդիմախոսները ժամանակին խոստանում էին, որ իրենք կհրապարակեն՝ թող իրենք հրապարակեն, ես բացարձակապես դեմ չեմ, որ իրենք հրապարակեն, և համոզված եմ, որ այն, ինչ հրապարակեն, ճշգրիտ կապացուցի այն, ինչ այս ընթացքում մենք անընդհատ ասել ենք»,- ասաց նա: