Ապրիլի 10-ին՝ ժամը 23:15-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա փողոցի 13-րդ շենքի մոտ կրակում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Րոպեներ անց հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա Գուրգեն Խաչատրյանը։ Տղամարդը եղել է մահացած։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գորիսի բնակիչ 32-ամյա մի տղամարդ հրազենով կրակել էր Գուրգեն Խաչատրյանի ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, դանակ, արնանման հետքեր և այլն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել փորձաքննություններ:

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 12-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է  դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

256