Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտնաբերվել է  մասնավորապես`  82 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված, 2.49 գրամ  «Կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, ինչպես նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի  զանգվածների պարունակությամբ  5 հատ դեղապարկուճ, որոնք թաքցված են եղել նշված առաքանու մեջ առկա տարբեր առարկաների մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մի շարք անհետաձգելի` մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի փոստային բաժանմունքներից  մեկում, վերոնշյալ առաքանին ստանալուց հետո, բռնվել և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Տ.Հ-ն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները  տվյալ քաղաքացուն  առնչվող մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:

Փաստի առթիվ  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան (267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ) հոդվածների համաձայն՝  նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է  քրեական գործ, որի շրջանակում քաղաքացին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

808