
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35-երի մատակարարման ծրագրից։
«Տեխնիկական աշխատանքներ են սկսվել F-16-ների մատակարարման ուղղությամբ, մենք վերահսկում ենք այս գործընթացը, Թուրքիայի ուժեղացումը նշանակում է նաև ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ուժեղացում»,- Աքարի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ՊՆ կայքը։
Նա նշել է, որ F-16- ների նավատորմը, որն արդեն ծառայում է թուրքական բանակին, արդիականացում է պահանջում:
«Միացյալ Նահանգներից՝ որպես մեր դաշնակից և բարեկամ, մենք ակնկալում ենք ոչ միայն 70 Viper F-16 ինքնաթիռների մատակարարում, այլ նաև ներդրում Թուրքիայի ռազմական ինքնաթիռների արդիականացման գործում»,- հավելել է Աքարը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային`վերջին F-35 կործանիչների մատակարարման ծրագրից երկրին բացառելու մասին` Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով:
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել 2007 թվականի հունվարին Թուրքիայի և 7 երկրների հետ ստորագրված F-35-ի գնման համատեղ հուշագիրը` Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Ավելի վաղ Թուրքիան պարտավորվել էր 100 F-35 ինքնաթիռ գնել ԱՄՆ-ից: Նա նաև զբաղվել է դրանց համար ավելի քան հազար բաղադրամասերի արտադրությամբ: Երկրի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է արտադրել այդ բաղադրիչները, չնայած այն բանին, որ Միացյալ Նահանգները նրան բացառել են այս նախագծից: