«IT ընկերությունները մշտապես միմյանց հետ մրցակցության մեջ են` անկախ այն բանից` որտեղ են գտնվում։ Բայց հիմա մեր երկրում ռուս-ուկրաինական պատերազմից հետո միայն մեկ մրցակցություն կա, որը  հնարավոր է դաշտում ռեալ փոփոխությունների բերի, դա կադրային սովն է։ Այսինքն՝ ընկերություններ կան, որ եկել են այստեղ ու արդեն նոր մարդկանց  են հավաքագրում, այս առումով հսկայական մրցակցություն է առաջանում,  որովհետեւ նույն Հայաստանում էլ շատ IT ուղղություններում կադրային սով կա»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը` խոսելով ռուսաստանցիների` Հայաստանում IT ընկերություններ հիմնելու արդյունքում հայկական IT ընկերությունների միջեւ սպասվող մրցակցության մասին:

Մասնագետի խոսքով` ճիշտ վերլուծություն անելու համար այս փաստը պետք է դիտարկել հակառակ տեսանկյունից նույնպես, քանի որ այստեղ գալիս են ոչ միայն IT ընկերություններ, այլեւ անհատ ծրագրավորողներ, որոնք կարող են աշխատանքի անցնել հայկական ընկերություններում. կադրային սովն այս կոնտեքստում դիտարկելիս արդեն ինչ-որ չափով դրական էլ է ազդում:

Խոսելով հայաստանյան եւ ռուսաստանյան IT ընկերությունների հիմնական տարբերության մասին՝ Մարտիրոսյանը նկատեց, որ հայաստանյան եւ ռուսաստանյան IT ընկերությունների տարբերությունը զգալի ու թափանցիկ է.

«Իրականում ռուսական կազմակերպությունները առնվազն մեկ տարբերություն ունեն մեր համեմատությամբ. այնտեղ խոշոր IT ընկերությունները շատ են, իսկ մեզ մոտ ռեալ շատ մեծ IT ընկերություններն ընդամենը մի քանիսն են: Այսինքն՝  Ռուսաստանի IT-ն շատ ավելի բազմազան է, քանի որ սպասարկում է շատ ոլորտներ, իսկ մեզ մոտ այս պահին ինչ-որ նեղ մի քանի ոլորտ է զարգացած»:

Մարտիրոսյանի տպավորությամբ` Ռուսաստանից ժամանած IT ոլորտի մասնագետները Հայաստանն  են ընտրում՝ հիմնականում բիզնեսը զարգացնելու համար, բայց շատերը  նախընտրում են նաեւ այլ երկրներ.

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեր երկիր ժամանողները Հայաստանից զատ որպես այլընտրանք դիտարկում են նաեւ Թուրքիան, Վրաստանը, Սերբիան: Բայց անժխտելի է այն փաստը, որ այդ երկրների համեմատությամբ Հայաստանն ունի մի քանի տարբերություն, իհարկե, դրական տեսանկյունից. դա ռուսների հանդեպ մեր դրական վերաբերմունքն է, բանկային համակարգերում առաջացող ավելի քիչ խոչընդոտները, հարկային դաշտի հարմարությունը»:

Մեդիափորձագետի խոսքով` հատկապես այն ռուսաստանցիների համար, որոնխ Ռուսաստանում դեռ հաշիվներ ունեն` հենց Հայաստանն  է նպաստավոր, քանի որ շատ այլ երկրներում  պատժամիջոցների կամ խոչընդոտող պրոցեսների հանդիպելու վտանգ կա։

Որքան էլ դաշտի որոշակի պատկերն ուրվագծվում է, Մարտիրոսյանն, ամեն դեպքում չշտապեց մասնագիտական լուրջ գնահատական տալ.

«Հիմա մենք չգիտենք, թե ռուսաստանցիները որքան կմնան այստեղ, քանի որ հապճեպ փախել եւ եկել են Հայաստան։ Նրանք, մեծ հավանականությամբ, կարող են որոնել նաեւ այլ տարբերակներ։ Այնպես որ, մի քանի ամսից պարզ կլինի, թե այդ ընկերություններից քանիսն այստեղ կմնան կամ կգնան այլ երկրներ»,- եզրափակեց մեդիափորձագետը:

ԱՆՆԱ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

1397