Մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման շարունակականությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ նպատակի համար ընդհանուր առմամբ ընդունվել է հինգ որոշում և ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող` 512 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 52,543.3 հազար դրամ: 2021 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թ. մարտի 22-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 1026 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 241,920.5 հազար դրամ: Գումարը կհատկացվի պետբյուջեում վերաբաշխում կատարելու արդյունքում:
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կատարելագործելու, արդյունավետությունը բարձրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնահատում իրականացնելու հավանականությունը: Բացի այդ, որպես բացառիկ նվաճում չի համարվի գիտական կոնֆերանսներին մասնակցությունը, քանի որ վերջին տարիներին ներկայացրած հիմքերից պարզ է դառնում, որ կոնֆերանսներին ուսանողների մասնակցությունը կրում է զուտ ձևական բնույթ, մասնավորապես, արտերկրում կազմակերպվում են մատչելի` մինչև 20 դոլար մասնակցության համար նախատեսված վճարով, միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերը առանց գրախոսության տպագրվում են: Այսպիսի գիտաժողովների նպատակը գումար աշխատելն է, այլ ոչ գիտական աշխատանքի գնահատումը և լուսաբանումը: Դիմորդները հաճախ որոշ փոփոխություններով` հիմնականում վերնագրի մեջ, նույն նյութը ներկայացնում են այսպիսի գիտաժողովներին, և քանի որ նյութը գրախոսություն չի անցնում, այն տպագրվում է, արդյունքում գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական միջոցառման հետ առնչություն չունեն: Առաջարկվող փոփոխությամբ նման արատավոր երևույթները այլևս չեն համարվի բացառիկ նվաճում: Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում է նաև ասպիրանտուրայում սովորող և հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձանց տարկետման հարցը: