shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  թիվ 17 տան պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան»  բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աբովյան»  բժշկական կենտրոն: Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել և բնակիչների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են, ովքեր «Աբովյան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: 

1295