Ընդդիմությունն այսօր առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անկանոն գործողություններ էր սկսել: Ակտիվիստները փակել էին Երևանի տարբեր փողոցներ, նաև հայտարարել, թե իրենց են միացել Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ բուհում դասերին ներկա է եղել ուսանողների 95 տոկոսը: Դասախոսական կազմը նույնպես ամբողջությամբ ներկա է եղել: «Դասերն ընթանում են բնականոն հունով, միայն նշեմ, որ առավոտյան մինչև 10:30-ը եղել են ուշացումներ՝ և՛ դասախոսական կազմի, և՛ ուսանողության շրջանում»,- հայտնեց Դանիելյանը: Ուշացումների պատճառը եղել է մայրաքաղաքի որոշ փողոցների խցանումը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նույնպես ուսումնական գործընթացը ընթանում է բնականոն հունով, հայտնեցին բուհից:

Մանկավարժական համալսարանի հասարակության հետ կապերի բաժնը ևս տեղեկացնում է, որ բուհում դասերը բնականոն հունով են ընթանում: Այն ուսանողները, որոնք ակցիաների պատճառով չեն կարողացել հասնել համալսարան, դասերին միացել են հեռավար ձևաչափով:

«Այն ուսանողների համար, որոնք կարողացել են հասնել բուհ, ուսումնական պրոցեսն անցկացվում է դասացուցակին համապատասխան։ Այն ուսանողները, որոնք զգուշավորություն են դրսևորել և ի սկզբանե բուհ հասնելու մտավախություն ունեցել, դասախոսների հորդորով դասապրոցեսին միացել են հեռավար ձևաչափով»,- ասաց ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը:

3167