ՀՀ-ի համար առավել հետաքրքրություն ներկայացնող հարցերը հիմնականում վերաբերում են ներդրումների ոլորտին: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Սինգապուրը խոշոր ֆինանսական կենտրոն է, և այս պահին էլ մենք քննարկում ենք մի շարք ձևաչափերում սինգապուրյան ներդրումային ֆոնդերի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը: Մյուս կարևոր համագործակցությունը, որ ձևավորվում է արդեն Սինգապուրի կառավարության և ՀՀ կառավարության միջև,  դա քաղաքային կայուն զարգացման միջավայրի ստեղծումն է, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու:  Մենք ակտիվ քննարկում ենք սինգապուրյան փորձի ներդրման հնարավորությունները, որը ծառայությունների, առևտրի բնագավառի հատվածն է»,- ասաց նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ Սինգապուրը խոշոր նավահանգստային ցանց է և հարավարևելյան Ասիայի երկրների բեռնափոխադրման համար կարևոր հանգույց: «Հայաստանը այս տարածաշրջանում ջանքեր է գործադրում, որպեսզի դառնա բեռնափոխադրումների համար տարանցիկ ճանապարհ Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ: Դեռևս չենք սկսել խոսակցություն Սինգապուրի հետ, բայց շատ հավանական է, որ լոգիստիկ համագործակցության լավ հնարավորություններ ստեղծվեն նաև մոտ ապագայում»,- ասաց նա:

 

670