shamshyan.com-ը գրում․

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Ռուզաննա Եղյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։  

957