Ծանոթացա Ազգային Ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գրառմանը, և հիասթափված եմ։ Սա միայն այն պատճառով, որ չէի պատկերացնում, որ իմ սերնդակիցը ունակ է նավթալինի հոտով տեքստ երկնել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան Գևորգյանի գրառման, գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ շարունակելով.

«Նշել եք, որ Հայաստանում ժողովրդավարությունը չի կանխել Ադրբեջանի ագրեսիան, հետո ավելի հեռուն եք գնացել՝ ժողովրդավարությունը ներկայացնելով որպես նոր ազգային աղետի պատճառ։

Իսկ ամենաուշագրավը դա միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին որպես հակառուսական շարժառիթ ներկայացնելն է։ Էստեղ թարմացնեմ Ձեր երիտասարդ հիշողությունն՝ ասելով, որ մեր ռազմավարական գործընկերը նույնպես աջակցում է այդ օրակարգին։

Ընթացքում սակայն չեք մոռացել ասել, թե Հայաստանում իրականում ավտորիտարիզմ է, իսկ դուք ռևանշիստներ չեք , այլ արժանապատվության առաքյալներ։

Հարց եք ուղղել դեպի տիեզերք․ «Ինչպե՞ս բանակցություններ վարել եւ աշխատել մի պետության հետ, որն ապօրինաբար պահում է մեր քաղաքացիներին եւ օկուպացրել է մեր տարածքները»։ Կներեք, բայց բանականությունս այս հարցից տագնապում է։ Իսկ ու՞մ հետ պետք է բանակցել, եթե ոչ այն պետության, որի հետ խնդիր ունենք։ Իսկ ի՞նչ եք առաջարկում անել։ Պատերազմե՞լ։

Պարոն Գևորգյան, Ձեր տեքստից մի բան է հորդում։ Ձեր թշնամին ժողովրդավարությունն է։ Պայքարը, որը դուք այսօր ծավալել եք հանուն չէ, այլ ընդդեմ։ Թիրախում իրականում ժողովրդավարությունն է, որն այսօր մեր իշխանության դեմքով է։ Այս պարզ ճշմարտությունն է, որը հաճախ դուրս է պոռթկում ձեր թիմակիցների շուրթերից վիրավորանքի տեսքով դեպի ժողովուրդը։

Եվ վերջում մի հարց ունեմ։ Ձեր տեքստը ինքնաբուխ շարադրվա՞ծ էր, թե՞ արժանապատվորեն պարտադրված»։

Նշենք, որ Արմեն Գևորգյանն իր գրառման մեջ պնդում էր՝ «Նախապատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը չի կանգնեցրել ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան եւ չի կանխել հազարավոր մարդկանց մահը»:

Ըստ պատգամավորի, միջազգային հանրությունը պետք է տեսնի եւ լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում հետպատերազմական իրականությունը եւ տարածաշրջանում համագործակցություն ու երկխոսություն հաստատելու եղանակները: Եվ դա ռեւանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու եւ պահպանելու ազգային արժանապատվությունը:

253