
Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը։ Այս մասին Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։
«Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար, անհրաժեշտ է զարգացնել տարանցման հնարավորությունը։ Բնականաբար, Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանը շատ լավ տարբերակ է դարձնում ապրանքների տարանցման համար։ Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացել են, և պետք է նշեմ, որ այսօրվա նիստի ընթացքում այստեղ եղել է նաև Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենը։ Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել է գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը»,- ասել է նախարարը: