Թեհրանը ծրագրում է Մոսկվայի հետ մեծացնել առևտրային եւ ներդրումային ծավալները։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Դեսպանի խոսքով՝ համագործակցությունը կշարունակվի՝ չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի երկու երկրների առեւտուրն ու ներդրումները ոչ միայն չկրճատվեն նոր պայմաններում, այլեւ զգալի չափով ավելանան»,- բացատրել է Ջալալին:
Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ ներդրումների եւ առեւտրի ծավալների ավելացման համար պահանջվում է վերացնել ենթակառուցվածքներում առկա խոչընդոտները: «Ներկայումս մենք լուրջ աշխատանք ենք տանում ռուսական տարբեր պետական կազմակերպությունների հետ»,- հավելել է նա:
Եզրափակելով միտքը՝ դեսպանը նշել է, որ չի բացառվում, որ ապագայում Իրանը կկարողանա փոխհատուցել ՌԴ-ում գիտատար տնտեսության ոլորտում դեֆիցիտը, որը սկսվել է Արեւմուտքի կողմից պատժամիջոցներից հետո: Բանակցությունների համար Մոսկվա է ժամանել 60 հոգանոց պատվիրակություն իրանական գիտատար ընկերությունների կազմից,- եզրափակել է Ջալալին:
Ավելի վաղ Վիեննայում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Մարանդին բացառել էր Ռուսաստանի հետ մրցակցությունը նավթային շուկայում: