ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը գրում է.

Օրերս Հայաստանի մի խումբ քաղաքացիներ դիմել են մեզ՝ կառավարող ուժի ներկայացուցիչներին և պահանջել «խաղաղություն՝ առանց բայցերի»։

Ես տեսնում ու լսում եմ այն ձայները, որոնք այս հայտարարությունը մեկնաբանել են՝ ավելացնելով «բայց»։

Երբ նախորդ տարի այս ժամանակահատվածում պատրաստվում էինք արտահերթ ընտրությունների, ես ցանկացա լինել նախընտրական ցուցակում ամենակարևորին՝ խաղաղության օրակարգին աջակցելու և այդ օրակարգը առաջ մղելու համար։

Ես լսում եմ, թե ինչպես եք դուք պնդում, որ խաղաղությունը միակողմանի չի լինում։ Եվ այդ ժամանակ ինձ մոտ հարց է ծագում, այդ երկկողմ հարաբերություններում, ի վերջո, Հայաստանը կո՞ղմ է, թե՞ կողմ չէ։ Մեզ աշխարհի ամենահեշտ հարևանները չեն բաժին ընկել, մենք տեսնում, զգում ու հասկանում ենք, որ այս օրակարգը տարածաշրջանում դժվար ու դանդաղ է առաջ գնում։ Բայց մի՞թե սա բավական պատճառ է, որ մենք հրաժարվենք մեր օրակարգից։ Ի վերջո, այս պատմության մեջ ամենակարևոր հարցը այն է, թե Հայաստանից որևէ բան կախվա՞ծ է, թե՞՝ ոչ։ Հայաստանն իր ճակատագրի համար որևէ բան որոշո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ես համոզված եմ, որ մենք կարող ենք որոշել մեր ճակատագիրը։ Ամեն բան չէ, որ կախված է Հայաստանից, բայց որոշ բաներ, այնուամենայնիվ, կախված են Հայաստանից։ Խաղաղության ճանապարհը դժվար է և խոչընդոտներով լի։ Դժվար է կանխատեսել՝ երբ և ինչպես մենք կհասնենք խաղաղության հանգրվանին։ Բայց պատերազմի ճանապարհի հանգրվանը մենք արդեն տեսել ենք։

Վերջին տարիներին մենք շատ ենք խոսում նախորդիվ մեր թույլ տված սխալներից՝ հավաքական՝ որպես ժողովուրդ, անհատապես և քաղաքական առաջնորդների թույլ տված սխալներից։ Գուցե սխալվել եմ, երբ խաղաղության մասին խոսելու թույլ փորձս հարձակման ենթարկվելուց հետո դադարել եմ խոսել այդ մասին և սկսել եմ ավելի ապահով թեմաներից խոսել։ Գուցե սխալ եմ եղել, երբ սեպտեմբերի 27-ին չեմ արձագանքել վարչապետի առաջարկին՝ կանգնեցնել պատերազմը այն պայմաններով, որոնք առաջարկվել են։ Ես անդադար մտքումս վիճում եմ իմ ծնողների սերնդի հետ, որ խաղաղության պահանջ չեն դրել իրենց ժամանակների իշխանությունների առջև։ Ես վիճում եմ իմ նախորդ սերնդի քաղաքական գործիչների հետ, որ բավարար կամք չեն ունեցել գնալ լուծումների, այլ առկախել են պատերազմի վտանգը մինչև այն պահը, երբ դրա համար իրենց կյանքերով հատուցել են մարդիկ, որոնք այդ որոշումների կայացման ժամանակ դեռ ծնված էլ չեն եղել։ Ինձ պետք չէ բացատրել, թե ինչ է պատերազմը և ինչ է խաղաղությունը։ Իմ ընտանիքի անդամների կեսը եղել են պատերազմի դաշտում՝ ամեն վայրկյան նայելով մահվան աչքերին և վճարելով այդ որոշումների չկայացման գինը։

Ես չեմ ուզում, որ մեր որդիներն ու դուստրերը տարիներ անց իրենց մտքում վիճեն ինձ հետ։ Ես ուզում եմ, որ մենք մեր մեջ վճռականություն գտնենք վերջ տալու կորսված կյանքերի, որդեկորույս ծնողների, այրի կանանց, որբ երեխաների, հաշմանդամություն ստացած տղամարդկանց, խեղված կյանքերի այս շրջապտույտին։ Դրա միակ ճանապարհը համառորեն խաղաղության օրակարգով շարժվելն է։ Դժվա՛ր է։ Միայն մեզնի՛ց չէ կախված։ Իբրև վերջին՝ ծայրահեղ տարբերակում մեր իրավունքների համար զինված պայքարելը կա ու կա։ Բայց մինչև դրան հասնելը մենք պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք խաղաղության օրակարգի հաղթանակի համար։

485