Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Այսպիսով, նախագծով ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։

Նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչպիսին է լինելու քաղաքացիների մեծ մասի արձագանքը։ «Հատուկ եմ որոշել, որ այս հարցը պետք է կառավարության նիստում զեկուցել, քանի որ շատերը ասելու են սոցիալական ծանր վիճակում՝ դատավորների, Սահմանադրական դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Մենք այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատարանների հետ, քանի որ պատշաճ դատավարությունը ամենակարևոր հնարավորությունն է, որը երկրում պետք է ունենալ։ Սա ունի սոցիալական, քաղաքական, իրավական նշանակություն, և հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, քանի որ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում  ունենանք այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած՝ նայում է  մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին»,– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ այս որոշումները կայացնում են նաև այն պատճառով, որ երբ ասում են՝ ուզում ենք երկրում լինի անկախ դատական համակարգ, դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ, այլ նպատակ է, որին հետևողականորեն պետք է հասնեն։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ գիտեն, որ կան բազմաթիվ դատավորներ, որոնք առաջնորդվում են իրենց խղճով և օրենքով, և այս մադրկանց պետք է աջակցեն ու քաջալերեն։ «Սա նաև միայն ֆինանսական չէ, հանրային աջակցության ձև է այն դատավորներին, որոնք ծառայում են իրենց խղճին, ժողովրդին»,–ասաց նա։

 

568