Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն է եղել: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել են, և նրանցից մեկը դանակահարել է մյուսին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոցում տուժողը թաքցրել է դեպքի իրական հանգամանքները՝ հայտնելով՝ իբր ընկել է երկաթի վրա: Հիվանդանոցում ոստիկաններին չի հաջողվել նրա հետ խոսել՝ ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չի ներշնչել. ծակած-կտրած վերքը կարող է դանակահարության հետևանք լինել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սկսվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել է Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

189