Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ։ 

Ասուլիսին ներկայացրեցին կատարած աշխատանքները, թիմերի մասնակցությունները և ակնկալվող արդյունքները։ 

Արայիկ Հարությունյանը ողջունի խոսքում շնորհավորեց բոլորին Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու իրադարձության առիթով։  «Իրականում նման մեծ մարզական միջոցառում մենք ՀՀ-ում վաղուց չենք հյուրընկալել։ Թե´ պետությունը, թե ´ֆեդերացիան և մյուս մեր գործընկերները անում են լավագույնը մրցաշարը բարձր մակարդակի կազմակերպելու համար։ Համենայն դեպս այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից այս պահին, բոլորը դրական են։ Մենք ուզում ենք նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների համար»,- ասաց Հարությունյանը։ 

Նա նշեց, որ լինելու են նաև մարզաձևի բարձրաստիճան պաշտոնյաներ, բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի և Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարը. «Սա նշանակում է, որ այս մրցաշարին շատ բարձր մակարդակով ուշադրություն է ցուցաբերվում, որ գնահատվում  այն ջանքերը, որոնք այստեղ կատարվում են»։ 

Արայիկ Հարությունյանը չբացեց բացման արարողության կատարման փակագծերը, բայց վստահեցրեց, որ լինելու է գեղեցիկ շոու վերջին տարիներին կազմակերպած նմանատիպ միջոցառումների լավագույն ավանդույթներով։ 

«Մենք տրամադրված ենք մարտականորեն սահմանելու լավագույն արդյունքը կամ լավագույն արդյունքներից մեկը և առնվազն ակնկալում ենք, որ ֆեդերացիան և մեր մարզիկները կապահովեն լավագույն արդյունքի կրկնությունը, որը երկու ոսկե մեդալ է, իսկ մարզիկին ոգևորելու և լավագույն ցուցիչը կլինի հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը, ինչը միանշանակ նպաստելու է մեր մարզիկների հաջողությանը։ Լրագրողների դերը նույնպես կարևոր է լինելու»։ 

Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը կմեկնարկի մայիսի 22-ին՝ ժամը 21։00-ին։

426