
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթում՝ Սևանա լճի թերակղզու ճանապարհահատվածում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Ուզում եմ իսկապես շնորհավորել բոլորիս, քանի որ այս մրցաշարերը կայանում են, և մենք տեսնում ենք, որ ամեն տարի մասնակիցների աճ կա: Բոլոր մրցաշարերը լինելու են ավանդական: Եվ պիտի հույս ունենանք, որ այս մրցաշարերը կնպաստեն, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ: Հեծանվասպորտը կարող է առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է»- իր ելույթում ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվել է դոպինգ-ստուգում՝ WADA-ի կաննոների համաձայն։
Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք (առաջին խումբ) և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ (երկրորդ խումբ): Առաջին խմբի (18-40 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ) լավագույն եռյակում ընդգրկվեցին՝ 1. Պավել Ստեփանյանը, 2. Սերգեյ Պողոսյանը, 3. Անանիա Ոսկանյանը. 1. Նարե Ղարիբյանը, 2.Անի Սարգսյանը, 3. Լիլիթ Հարությունյանը, իսկ երկրորդ խմբի (36-ից բարձր կանայք, 41-ից բարձր տղամարդիկ) լավագույն եռյակում՝ 1. Սամվել Հովհաննիսյանը, 2. Վազգեն Ղուլիջանյանը, 3. Արմեն Գևորգյանը. 1.Ռուզաննա Հովասափյանը, 2. Լիլիթ Արարատյանը, 3. Սեդա Ազատյանը:
Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ։