Մայիսի 31-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի Արզնու խճուղի թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հայտարարված մրցույթին ներկայացվել է մասնակցության մեկ հայտ՝ «Ավանգարդ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից, որը մրցութային հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է հաղթող։

Ընկերությունը պարտավորվել է մեկամսյա ժամկետում վճարել մրցույթի վաճառքի գինը՝ 801 500 000 ՀՀ դրամ։ Ըստ ներկայացված ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է տվյալ տարածքում ստեղծել բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման և արտադրության, ինչպես նաև ներմուծվող բեռնատար մեքենաների կայանման համար տարածքներ, ինչի ներդրումային արժեքը կկազմի 2 300 000 000 ՀՀ դրամ։

Սույն թվականի մայիսի 25-ին մրցութային հանձնաժողովը ամփոփել է նաև ք. Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել «Վանառտ» ՍՊԸ-ն։

926