Այսօր` հունիսի 13֊ին, Արմավիր համայքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի համայնքապետարանում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե֊Տոլոչկիենեին, Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Իգիթյանին և Լիտվայի Հանրապետության Վիսագինաս քաղաքի պատվիրակությանը` գլխավորությամբ քաղաքապետ Էրլանդաս Գալագուզի։

Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Արմավիր և Վիսագինաս համայնքների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր և պաշտոնապես սկիզբ դրեցին երկու քաղաքների միջև բարեկամությանը։ Համագործակցությունը լինելու է կրթության, մշակույթի, սպորտի և նորարարության բնագավառներում։

Դեսպան Հովհաննես Իգիթյանը ողջունեց Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական կապերի հաստատումը, մաղթեց արդյունավետ համագործակցություն։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դեսպան տիկին Ինգա Ստանիտե֊Տոլոչկիենեն։

Արարողությանը ներկա էին նաև Արմավիր համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ և համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետեր։

Այնուհետև Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ։ Կառուցողական զրույց ծավալվեց համագործակցության վերաբերյալ։ Օրը շարունակվեց Արմավիրի Մշակույթի տանը, որտեղ կազմակերպվել էր ցուցադրություն֊համերգ` ի պատիվ հյուրերի։

 

1354