Ցանկացած հակամարտության կարգավորում պահանջում է հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերի կամքը և ցանկությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հնչող ագրեսիվ հայտարարություններին:

«Բացառապես Հայաստանի ցանկությամբ, այսինքն՝ միայն կողմերից մեկի ցանկությամբ խաղաղություն չի լինում, այս պարագայում Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության: Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը Հայաստանի կողմից զիջումներն են բոլոր մակարդակներում, ինչի մասին այսօր խոսում է Իլհամ Ալիևը և պարբերաբար խոսում է՝ հակառակ պարագայում սպառնալով պատերազմով»,- ասաց նա և նշեց, որ այստեղ պետք է հասկանանք, թե որն է մեր անելիքը:

«Ամբողջությամբ համաձայնել Ադրբեջանի պահանջներին հնարավոր չէ, որովհետև դա նշանակում է ամբողջությամբ հրաժարվել Արցախից, այսինքն՝ Արցախը անվերապահորեն ճանաչել Ադրբեջանի կազմում: Դրա հետևանքները շատ պարզ են,  դա նշանակում է Արցախի ամբողջական հայաթափում կամ անմիջապես հետո, կամ որոշ ժամանակ անց: Ցանկացած երաշխիք, որ Ադրբեջանը տա՝ գրավոր, բանավոր, ստորագրած, միջազգային երաշխավորությամբ, դա երբեք չի կարող լինել հավերժ կամ երկարատև»,- ասաց նա:

Տարոն Հովհաննիսյանը նկատեց, որ ցանկացած պարագայում, երբ միջազգային իրավիճակը կփոխվի, Ադրբեջանը անմիջապես կխախտի իր տված բոլոր երաշխիքները: Բացի այդ, նա նշեց, որ այնուհետև Ադրբեջանը կցանկանա Զանգեզուրի միջանցք՝ ինչպես պահանջում է, նախկին խորհրդային անկլավների ամբողջական հանձնում:

«Ըստ էության, Ադրբեջանի ցանկությունն այն է, որ Հայաստանը գնա Ադրբեջանի պայմաններով, այսինքն,  պարզ ասած, Ադրբեջանը լինի Հարավային Կովկասում դոմինանտ պետություն, իսկ Հայաստանը լինի ենթարկվող: Հիշենք Ալիևի մյուս հայտարարությունները, որ Հայաստանը պետք է հրաժարվի դեմոգրաֆիական պատկերը բարելավելու իր պլաններից, պարզ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի առհասարակ բանակ ունենալուց, որովհետև դա էլ է Ադրբեջանը համարում պոտենցիալ վտանգ, այդ թվում՝ պահանջելու են դասագրքերից հանել արցախյան պատերազմին վերաբերող հատվածները, Մոնթե Մելքոնյանին վերաբերող հատվածները, չանցակացնել մշակութային միջոցառում: Այսինքն՝ համաձայնել Ադրբեջանի պայմաններին նշանակում է փաստացի այսպիսի ապագա»,-ասաց նա:

Մյուս կողմից, ադրբեջանագետը նկատեց, որ կտրուկ չհամաձայնել առհասարակ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մտնել, նշանակում է, որ Ադրբեջանը ստանում է նոր պատերազմի լեգիտիմության իրավունք: Հետևաբար հարցին, թե ինչ պետք է անել, Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դրան մեկ պատասխան կա. պետք  է շարունակել  խոսել, քննարկել, մասնակցել միջազգային միջնորդների կազմակերպած բանակցություններին և փորձել ընթացքում ուժեղացնել այն բաղադրիչները, որոնք հնարավորություն կտան զսպելու Ադրբեջանի ագրեսիան: «Պետք է աշխատել միջազգային հանրության ուղղությամբ, որ Ադրբեջանը հանկարծ այս քայլերի արդյունքում չստանա պատերազմի դրդապատճառներ, որոնք կօգտագործի՝ ցույց տալու, որ իր պատերազմը ՀՀ-ի դեմ իրավացի է և արդարացի»,- ասաց նա:

 

1028