
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել հունիսի 15-17-ը Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) տեղի ունեցած Մեծահասակների կրթության յոթերորդ համաժողովին, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով թվային դարաշրջանում մեծահասակների ուսումնառության (ուսուցման) և կրթության ոլորտում առկա մարտահրավերներին և հնարավորություններին: Նախարարի տեղակալն այս համատեքստում ներկայացրել է COVID-19 համավարակի ընթացքում առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով համայնքային ուսուցման կենտրոնների ստեղծման հայաստանյան փորձը:
Կարևորելով մեդիագրագիտության հմտությունների աճող անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում DVV International-ի աջակցությամբ կատարված հատուկ ուսումնասիրությանը, որի արդյունքում պարզվել է, որ մեծահասակների շրջանում խնդիրն առավելապես ոչ թե գիտելիքի կամ տեղեկատվության, այլև հմտությունների բացակայությամբ է պայմանավորված:
«Անհրաժեշտ հմտությունների զարգացումը սերտորեն կապված է աշխատանքի տեղավորման հետ: Այդ հմտությունները ձևավորվում են աշխատանքի ընթացքում, ինչը նշանակում է, որ մեդիագրագիտությունը` որպես պարտադիր բաղադրիչ, պետք է ներառենք մասնագիտական զարգացման գործընթացում, ինչպես որ դա անում ենք, օրինակ, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի դեպքում»- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆինանսական գրագիտության խնդիրը` ընդգծելով, որ դրա շնորհիվ մարդիկ կարող են պաշտպանվել նոր ռիսկերից:
«2021 թ. մենք սկսել ենք նոր ծրագրեր՝ ուղղված կանանց և գյուղական բնակավայրերի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը՝ հիմնվելով վերջին տասնամյակի ընթացքում դպրոցական մակարդակում իրականացվող ֆինանսական գրագիտության ծրագրի դրական արդյունքների վրա»,--տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալը, ամփոփելով խոսքը, շեշտել է, որ մեծահասակների կրթությունը և ուսուցումը, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկներն ամփոփված են Հայաստանի Հանրապետության պետական ռազմավարական փաստաթղթերում, ինչը փաստում է Կառավարության` այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու վճռականությունը:
Մեծահասակների կրթության յոթերորդ համաժողովի արդյունքում ընդունվել է կոմյունիկե` հաջորդ 12 տարիների գործողությունների շրջանակի վերաբերյալ: