Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:   Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կիրակոսյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի և վաշտի հրամանատար Ալեքսանյանի գլխավորությամբ:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 3-րդ դասակի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Կարապետյանի գլխավորությամբ:

853