Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) թեւակոխում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլը՝ ի շահ միասնական տնտեսական տարածք ստեղծելուն։ Այս մասին երեքշաբթի օրը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, դա կարևոր է ԵԱՏՄ երկրների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում նրա տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման համար։
Փաշինյանը կարևորեց փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները վերացնելու համար երկխոսությունը։
«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը գործունեության միասնական կանոնների բացակայության արդյունքն է: Միայն երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է նպաստել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը»,- ասաց նա։
Հայաստանի վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց նաև ժամանակակից տեխնոլոգիաներին։ Առանց առաջադեմ թվային գործիքների, դժվար կլինի մրցակցել, նշեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը։

«Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ կան, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային մատակարարման վրա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Միության անդամ երկրները պետք է կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ նվազագույնի հասցնելով սննդի պակասի հավանականությունը։

«Կարևոր եմ համարում նաև ալկոհոլի շուկայի կարգավորման հարցը։ Ընդհանուր նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառությունների: Հայաստանի համար սա առաջնահերթություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ»,- նշեց Փաշինյանը։

628