Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով այսօր Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փառատոնի առանցքում  սասնա պարերն էին, իսկ  ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու եռանդուն արարում է․ ինչպես Գևորգ Էմինն է ասել՝ չի՜ հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի․․․

Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։

 

Ներկաներին ողջունել են մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Գևորգ Պապոյանը, Տավրոս Սափեյանը։

Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում  ընդգծել է, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշել է, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրել է, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ են ունեցել Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները՝ պարերի շուրջ համախմբելով պետական այրերին ու փառատոնի մասնակիցներին։ Մարզպետի կողմից պատվոգրեր ստացան լավագույն պարային խմբերն ու երգիչները։

Փառատոնն ամփոփվել է միասնական շուրջպարով։ ․․․Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․

Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն էր, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային  ՀԿ-ն։

1335