Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը «կողմ» են քվեարկել Կրկյաշարյանի թեկնածությանը։ Լիլիթ Գրիգորյանը և Մուշեղ Հարությունյանը ստացել են 0 ձայն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից հրամանագրի ստորագրումից հետո Կրկյաշարյանը կզբաղեցնի Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։

Թեկնածու Արտակ Կրկյաշարյանը կարծիք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ ու անզիջում պայքարը ժողովրդավարական եւ իրավական պետությունների առաջնային խնդիրներից մեկն է: Այս առումով նա հատկանշական է համարել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթգ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ առանձնահատուկ կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի էական փոփոխությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման եւ շարունակական զարգացման տեսանկյունից կարեւորվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը:

Թեկնածուի կարծիքով՝ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր մակարդակի կհասցնի ոլորտում պայքարի արդյունավետությունը: Այս համատեքստում Արտակ Կրկյաշարյանը կարեւորել է հակակոռուպցիոն պալատի եւ նրա դատավորների դերը: Թեկնածուի համոզմամբ՝ ընտրվելու դեպքում իր փորձն ու մասնագիտական գիտելիքները թույլ կտան պատշաճ իրականացնելու Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պարտականությունները:

365