Այսօր՝ հունիսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակինշի ավտոմեքենա է կանգնած և մեջը դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութան պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: Ժամանել է  նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  պետ Արման Բաղդասարյանը,  նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նազարյանը: Ավտոմեքենայի դուռը բացելու համար ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից  ժամանած փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի  արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: 

946