«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի շրջանակում, ինչպես վստահեցնում է պետեկամուտների կոմիտեն, պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: Ծագած օբյեկտիվ խնդիրների պարագայում վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Այս օրենքը ենթադրում է, որ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թ. հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման, հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման եւ ստացման գործարքներն անկանխիկ պետք է արվեն։ Բացառություն են օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց մեր երկրի տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

Օրենքը ենթադրում է նաեւ, որ օտարերկրյա կազմակերպությունների եւ ՀՀ-ի անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումն ու վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է ՀՀ տարածքում: Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումը դարձյալ անկանխիկ է արվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

Նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումը նույնպես անկանխիկ է։ Իսկ նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Անկանխիկ են նաեւ բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերն ու փոխառությունները։ Բայց բանկերը ավանդները կարող են ընդունել եւ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ քաղօրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (վերադարձվել) նաեւ կանխիկ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Մեր ժողովրդի ստվար հատվածին կհետաքրքրի նաեւ գրավատների վարկերի մասով փոփոխությունը։

Տեղեկացնենք, որ այդ վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ.  2022 թ. հուլիսի 1-ից՝ 80 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2023 թ. հունվարի 1-ից՝ 50 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ 20 հազ. դրամից ավելի տրամադրվող վարկերը։ Օրենքը կարգավորումներ է տալիս նաեւ աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումների հետ կապված։ Օրինակ՝ 2022 թ. հուլիսի 1-ից՝ Երեւանում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ մարզերի վարչական կենտրոններում, 2024 թ. հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն ուսումնական) հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ»։ 

213