Մայիսի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արմավիր» ՔԿՀ տանող ճանապարհին տղամարդու դիակ կա:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Էջմիածին քաղաքի 58-ամյա բնակիչ Մեխակ Թ.-ի դիակը՝ մարմնական վնասվածքների հետքերով:

Դեպքի առթիվ հունիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված հետաքննությամբ տեղեկություններ են ստացվել, որ Մեխակ Թ.-ին ոչ թե դիտավորությամբ կյանքից զրկել են, այլ իրականում վրաերթի են ենթարկել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 01.30-ի սահմաններում, նրան վրաերթի էր ենթարկել «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը և, անօգնական թողնելով, հեռացել էր դեպքի վայրից:

Հուլիսի 11-ին «Ֆորդի» 28-ամյա վարորդը, հանցավոր արարքի կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և, «Ֆորդ» մեքենայով հանդերձ, ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

3136