
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից, որոնք կատարելագործում են և ավելի են բարեփոխում ոլորտում սկսված բարեփոխումները: Նախարարն անդրադարձավ ռազմավարության բովանդակության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը: «Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե´ օրենսդրական, թե´ կադրային, թե´ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է: «Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն, որը չի վերաբերում է միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը»,- նշեց նա:
Արդարադատության նախարարը հայտնեց նաև, որ անցկացվել է մրցույթ, և շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Ըստ հիմնավորման՝ սա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի:
Անդրադառնալով բարեվարքության ստուգմանը` «Ռազամավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար: Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք կառավարությանը և այնուհետև ԱԺ-ին: Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ասաց նա:
Անդրադառնալով դատական ոլորտի բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածված կարծիք, քննադատություն կա, ինչի հետ իրենք էլ համաձայն են, որ իրենց ամենաշատը քննադատում են, որ հենց դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտեսիվություն չեն ունեցել: «Ես ինքս էլ բազմիցս արձանագրել եմ, որ ընդհանուր առմամբ այդքան էլ գոհ չեմ այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից»,-ասաց նա:
Չնայած դրան, վարչապետը նկատեց, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի և այդ ցանկում է դատկան անկախ համակարգը: «Այսինքն մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք միշտ պահանջում, բայց մյուս կողմից պետք է արձանագրենք, որ միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց և էլի մի շարք ոլորտներում Հայաստանը առաջատար է՝ ընտրությունների վստահելիության ուղղության, կոռուպցիյաի դեմ պայքարի, խոսքի ազատության ուղղությամբ»,- նշեց նա` հավելելով, որ դատական բարեփոխումների մի հսկա հատվածը ուղղակիորեն կապված է թվային օրակարագի հետ: