
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:
Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ 90-ականներին հողային ռեֆորմ է տեղի ունեցել, և գյուղացիական տնտեսություններին բաժանվել են հողակտորներ: «Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություններ ունեն մոտ միլիոն 100 հազար հողակտոր, և միջին գյուղացիական տնտեսությունն ունի մեկուկես հեկտար ընդհանուր հողային տարածք, որը միջինում բաղկացած է 4 կտորից, և, բնականաբար, տեսնում ենք, թե գյուղատնտեսութունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում, և մարդիկ չեն մշակում իրենց ունեցած հողակտորները»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարը հայտնեց, որ այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը կամ լքված է, կամ չի մշակվում: Նա նկատեց, որ իրենք իրենց ծրագրում նշել են, որ իրականացնելու են հողային ռեֆորմ: «Մեր ծրագրի էությունը կայանում է նրանում, որ այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք մեզ հետ պրոցեսը սկսելուց հետո կհավաքեն մի հողային միավորի մեջ 30-200 հա հողային միավոր, կստեղծեն մի մեծ հողային միավոր, կառավարությունը կաջակցի այդ հողային միավորը բարելավելու հարցում: Մենք այդ ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցենք: Մեր հաշվարկներով, միջին հեկտարի կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 մլն 760 հազար դրամ, այսինքն՝ մեկ հեկտարի հաշվարկով մենք պատրաստ ենք սուբսիդավորել կատարված ծախսերի 50 տոկոսը: Այս ծրագրով նախատեսված է, որ 23, 24, 25 թվականներին մենք ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացված հողակտոր կունենանք. սա կարծում եմ՝ փոքր ցուցանիշ է, և մեր նպատակը լինելու է ինչքան հնարավոր է դա մեծացնել: Մեր կառավարության ծրագրի թիրախ է 2026 թվականին վարելահողերի մշակման մակարդակը այսօրվա 50 տոկոսից բարձրացնել մինչև 75 տոկոս, և կարծում ենք, որ այս ծրագիրը կօգնի այդ պրոցեսն արագացնելուն»,- ներկայացրեց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղատնտեսական նշանակության հողերի կտրվածքները ամենամեծ խնդիրներից մեկն է ոլորտում և այդ խնդրի լուծման տարբերակների մասին են մտածում: