Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

459