Այսօր Կառավարությունը ընդունեց խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին և  անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին որշման նախագծերը: Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նշեց, որ անձնական օգնականի ծառայությունը իրականացվելու է  պետական բյուջեի միջոցներով:

Ըստ հինավորման՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրվում է հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկատվության համաձայն՝ այդ չափանիշներին բավարարող անձանց քանակը կազմում է շուրջ 4900 մարդ։  Կանխատեսվում է, որ օգնականի ծառայության կարիք կարող են ունենալ այդ մարդկանց 50 %-ից ոչ ավելին։ Հետևաբար, ծառայության մատուցման համար կպահանջվի  5,186,160.0 հազ դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար նախատեսվել է 1050 ՀՀ դրամ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ որոշակի աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, սակայն հետագայում հասկանում ենք, որ այդ մարդիկ տվյալ աջակցությունը կիրառելու համար դժվարություններ ունեն՝ սկսած նրանից, որ մարդը կարող է ի վիճակի չլինել  գնալու և խանութից գնում կատարելու: «Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 դրամի կարգի և այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը տասը ժամից ավելի խնամքի կարիք ունի. այդ դեպքում կարող է ընտանիքի անդամը լինել այդ կարգավիճակում»,- ասաց նա և նշեց, որ ամենակարիքավոր խմբից են սկսում:

Այսպիսով, վարչապետը նշեց, որ նախագիծը 2024 թվականի հունվարի մեկից է ուժի մեջ մտնելու, սակայն մինչ այդ պիլոտային ծրագիր կիրականացնեն:

979