Հայաստանում հայտարարված սգո օրերի կապակցությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ 

Հայաստանում սգո օրեր հայտարարելու որոշումը երեկ ստորագրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է»։

Նշենք, որ Արցախում ևս, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, երկօրյա սուգ է հայտարարվել: 

Նշենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարին և երկրի նախագահին այլ երկրների մի շարք առաջնորդներ, տարբեր պաշտոնյաներ, կառույցներ ցավակցական ուղերձներ են հղել և զորակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով այս պահին զոհերի թիվը 16 է, դեռ անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

211