ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

«Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ ունենանք առավել հստակ պատկեր»,-ասաց Զառա Մանուչարյանը։ 

Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ:

995