Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես ընդգծելով, որ նախնական հաշվարկներով, բարձր ջերմաստիճանային և տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է մսի շուկայի վերահսկողության արդյունքներին՝ մասնավորապես սպանդանոցների առկա վիճակին, նաև ներկայացրել է կենդանական և բուսասանիտարական հիվանդությունների մոնիթորինգի արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելմանը, մարզպետարանների կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։

221