Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Այդ գործերի հետ կապված որևէ ընթացք չկա: Ոստիկանական որևէ հետապնդում, որևէ  հարցաքննություն չի եղել: Խնդիրը ոստիկանություն չի հասել»,- ասել է Բագրատ Էստուկյանը:

Նա Ստամբուլում հայերի ու ադրբեջանիցների միջև նման դեպք չի հիշում և նշում է, որ այն կարծես նորություն լինի:

«Ճիշտն ասած` չեմ հիշում, որ նախկինում նման դեպքեր եղած լինեն: Ամեն դեպքում վերջին օրերին նկատեցինք մի քանի դեպք: Ադրբեջանցիներն ազգությամբ հայ անձանց վրա հարձակվեցին, ծեծկեռտուք եղավ: Իրավիճակը բնականաբար մտահգոիչ է: Այստեղ ապրող հայերի շրջանում կա զգուշավորություն: Մարդիկ միմյանց հետ կապի մեջ են, արագ տեղեկացնում են զարգացումների մասին: Խորհուրդ է տրվում տնից մենակ դուրս չգալ, լինել ինչ-որ մեկի ուղեկցությամբ»,-ասաց  «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը: Թուրքիայում ապրող հայաստանցիներից շատերը տեղի համայնքի, հայկական կառույցների հետ կապի մեջ չեն, որքանով է մեծ նրանց թիրախավորված լինելու հավանականությունը: Հարցին ի պատասխան, Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հայաստանից եկած շատ հայեր հայկական կառույցերի հետ սերտ շփումներ չունեն, սակայն իրենք միմյանց միջև սերտ կապի մեջ են, զարգացումներից տեղեկացված են: Նրանց շրջանում նույնպես զգուշավորություն կա:

Դեպքերի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել էր նա:

Բագրատ Էստուկյանը նկատեց, որ նման դեպքեր միայն Թուրքիայում չեն, Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում վերջին սրացումներից հետո հայերի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների կրկնություն եղավ աշխարհի տարբեր երկրներում:

«Դա թույլ է տալիս ասելու, որ ադրբեջանական որոշ գործակալություններ այս մասով աշխատանքներ են տանում: Այս օրերին տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում Հայաստանի դեսպանները, հյուպատոսներ հորդորով են հանդես գալիս՝ ուղղված մեր հայրենակիցներին, որպեսզի զգուշ լինեն չտրվեն սադրանքներին»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Օրեր առաջ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացրել էր, որ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Հայերի վրա հարձակվելու ևս երկու դեպք գրանցվել էր դրանից առաջ:

632