Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը։

«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրներին՝ նպաստելով սահմանագծում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

1095