Անկեղծ ասած՝ առաջին անգամ լսեցի այդ մասին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ, որոշակի հրաժարականներ են լինում և ԿԳՄՍ-ում էլ սպասվում են փոփոխություններ, դուք էլ հրաժարական եք տալու: Նախարարը կրկնեց, որ նախկինում նման միտք չի լսել:
«Ցանկացած ծախս, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է: Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Այսինքն՝ դրանք չի լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»,- ասաց նա և նշեց, որ դրական է համարում գաղափարը:
«Վստահ եղեք, որ Երևանի պետական համալսարանի շենքը կմնա Երևանի պետական համալսարանի շենք. դասապրոցես կլինի, թե ադմինիստրատիվ կորպուս, թե էքսպերիմենտալ՝ դեռ պարզ չէ»,-ասաց նա:
Նա որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք համարեց այն, թե ԵՊՀ-ն լինելու է հյուրանոց, և ասաց, որ նման բան ընդհանրապես լուրջ մարդկանցից չի լսել:
«ԵՊՀ-ն վաղուց այլևս չի համապատասխանում որևէ ստանդարտի՝ ոչ լսարանների քանակով, ոչ սանհանգույցների քանակով, սա վաղուց հայտնի է: Այնքան ուսանող ունի այսօր ԵՊՀ-ն՝ իր զբաղեցրած տարածքով ոչ մի նորմատիվի չի դիմանում»,- ասաց նա:
Վահրամ Դումանյանը նշեց, որ Երևանի մանկավարժական համալսարանի շենքը դատարկ չպետք է լինի, կարող է պետությունը օգտագործի, ինչպես նպատակահարմար կլինի՝ կօգտագործվի: