
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, հաղորդում է տեղական yourcentralvalley.com-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի «Ռիվեր Փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ևս մեկ հարձակում ձեռնարկեց, և այն վերածվեց լայնածավալ պատերազմի»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մասնակից Սիլվա Կովալենկոյի խոսքերը։
«Այստեղ ենք զոհված զինվորներին, նրանց ընտանիքներին ու առաջնագծում կանգնած զինվորներին աջակցություն ցույց տալու համար։ Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մեկ այլ մասնակից Սամվել Ղազարյանի խոսքը։
Ֆրեզնոյում նմանատիպ միջոցառումներ են նախատեսվում անցկացնել ամբողջ շաբաթ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում: