Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կհանդիպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

953