
88 տարեկանում մահացել է դերասանուհի Լուիզա Ֆլետչերը, ով մարմնավորել է բուժքույր Ռետչեդին Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում։ Այդ մասին The Hollywood Reporter-ին ասել է նրա որդին՝ Էնդրյու Բիկը:
Դերասանուհին մահացել է բնական մահով՝ Ֆրանսիայում գտնվող իր տանը։
Լուիզա Ֆլետչերը ծնվել է 1934 թվականի հուլիսի 22-ին՝ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում՝ լսողության խնդիրներ ունեցող ծնողների ընտանիքում: Նա ավարտել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը, որից հետո մեկնել է Լոս Անջելես, որտեղ հաճախել է դերասանական դպրոց։ Դերասանուհին առաջին անգամ հայտնվեց հեռուստաէկրանին 1958 թվականին՝ խաղալով «Playhouse 90» դրամատիկ սերիալում։
1975 թվականին նա խաղաց իր հայտնի՝ սառնասիրտ բուժքրոջ դերը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում, որը նրան «Օսկար»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակների արժանացրեց: