Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։ Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։

Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։ Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։ Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։

Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ, և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին, որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը։ Նա էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Nareh Arghamanyan-ի, Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Liana Aleksanyan-ի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։ Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Gohar Galstyan-ի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները ,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։ Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Բոլոր հյուրերին բաժանվեցին ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր իսկ Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվեց միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից ,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար ։ Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը։

1939