
«Արաքսյա Վարդերեսյանը զոհվածների հիշատակի տարելիցի օրը պարի էր հրավիրում սգացող ժողովրդին... Նողկալի բան է ազգի ողբերգությունը չգիտակցելը, դեռ տաք դիակի առաջ երգել-պարելը, 250-ից ավելի անհայտ կորածների համար մղկտացող ծնողի ցավը չընկալելը... Ու սա կատարվեց այսօր՝ Գլենդելում:
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին Լոս Անջելեսում կազմակերպված միակ միջոցառումն էր: Գնացել էինք, որ մի մոմ վառելով հեռվից մենք էլ ցավի արտահայտման մի ձև ունենանք: Ենթադրվում էր, որ կլռենք, ինչպես հուղարկավորության կամ առաջին տարելիցին է լինում, ենթադրվում էր, որ լացելով մոմ կվառենք ու կսգանք միասին՝ մեկս մեկի մխիթարելով: Երգչուհի Արաքսյա Վարդերեսյանի համար էլ սա պիտի սգի ու ողբալու օր լիներ... Բայց... «Սիրտս ինչպես» երգը երգելուց հետո հանկարծ ոգևորվեց ու սկսեց «Հաղթելու ենք» նողկալի ֆրազը բղավել... առանց այդ էլ լարված ժողովուրդը շփոթվեց... ու հանկարծ սկսվեց երգչուհու՝ ազգագրական էլեմենտներով ռումբատոն house dancing մի երգ: Էլի ոգևորվեց ու ժողվրդին սկսեց պարի հրավիրել... Իրար ենք նայում՝ շփոթված, մոմը ափի մեջ սեղմած... Որքան էլ դժվար է հավատալը, բայց դա կատարվեց, իսկ բեմի վրա զոհված երեխեքի պայծառ նկարներն են, որ տեսնողի սիրտը կտոր-կտոր են անում: Ներքևից բղավոցս շատերը լսեցին... ես ընդամենը գոռում էի՝ հետ նայի, տղերքի նկարները ՏԵՍ...
Կողքիս թաց, արցունքոտ աչքերով մի աղջիկ փոքրիկ ախպոր ուսից պահելով հանդիմանում էր՝ չպարես հանկարծ: Նա էլ մեծ տղու հայացքով սաստեց, իբր՝ հո ես էրեխա չեմ, որ էդքանը չհասկանամ... Իսկ բեմից դեռ պարի էր կանչում երգչուհին.... ոչ մեկս այդտեղ դրա համար չէինք գնացել...
Տգեղ, սրտխառնոց առաջացնող անհավանական բան կատարվեց: Ցավում եմ, որ ես իմ ինքնատիրապետումը կորցրի տեղում, միգուցե և այլ կերպ պիտի ես ինձ պահեի հասարակության առաջ, բայց սա արդեն անընդունելի ու համատարած երևույթ է դառնում Արևմտյան Ամերիկայի հայ համայնքի մի շրջանակի մոտ.... ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ: ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՄՈԼՈՐՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԻՇՏԸ... Կազմակերպիչներն արդարանում են՝ Տեղյակ չէին երգացանկից: ԱՎԵԼԻ ՎԱՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ, տղերք: Ուրեմն՝ արել եք զուտ անելու համար, ուրեմն՝ սրտացավ չեք, ուրեմն՝ այլևս երբեք նման հանրային միջոցառում ՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ:
Վերջում հանուն արդարության պիտի նշեմ՝ Արաքսյա Վարդերեսյանը մեծ հայրենասեր է, նա իսկապես անձնուրաց նվիրվել է մեր ազգին... 90-ականների պատերազմի ժամանակ էլ (պատմել են) բավականին մեծ օգնություն է ցուցաբերել բանակին, Արցախին: Բա ի՞նչ եղավ: Ու՞ր մնաց սգալու ձեր կարողությունը: Որ տեսնեք երգչուհուն՝ հարցրեք՝ ինչի՞ էդպես վարվեցիր, Արաքսյա Վարդերեսյան: Ասեք՝ էլ չենք հաղթելու, դա նեգատիվ ընկալվող արտահայտություն է, որովհետև արդեն 1 տարի է, ինչ խայտառակ ծանր պարտություն ենք կրել:
Եվս մեկ բան՝ որքան էլ անկազմակերպ ու անհաջող արարողություն էր, այնուամենայնիվ նախաձեռնող AYF (Հայ երիտասարդաց դաշնակցության) տղերքին շնորհակալություն ասելու տեղ կա, որովհետև ուրիշ որևէ միություն, կազմակերպություն կամ ներկայացուցչություն հիշատակի արարողություն չէր նախաձեռնել: Էս միակն էր, էն էլ՝ ռումբատոն house dancing երգով...
#Հավերժ փառք քեզ, զինվոր: Քո ծնողի ցավը իսկապես կիսող մարդիկ դեռ մնացել են և՛ Հայրենիքում, և Սփյուռքում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Վրույր Թադևոսյանը: